Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քննադատել է իր մասին «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը, որը ներկա պահին նկարահանում է Dreamworks ստուդիան: Այդ մասին գրում է Lenta.ru-ն` մեջբերելով Agence France-Presse-ը:
Ասանժն իր կարծիքը հայտնել է Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետ տեսակապի ժամանակ: Պատմելով, որ նա ստացել է ֆիլմի սցենարը, Wikileaks-ի հիմնադիրը հայտարարել է, որ ֆիլմը «բացարձակ սուտ է և քարոզչություն»:
Ասանժը մեղադրել է ֆիլմի ստեղծողներին նրանում, որ թշնամանք են սերմանում Իրանի նկատմամբ, քանի որ ֆիլմում ակնարկ է արվում, որ Իրանն ատոմային զենք է մշակում: Բացի դրանից, Ասանժը հավելել է, որ Իրանի ատոմային մշակումները ոչ մի կապ չունեն Wikileaks-ի և նրա հիմնադիրի հետ:
Ֆիլմի սցենարիստ Ջոշ Սինգերը ներկայացնում է Ջուլիան Ասանժին, ով հիմա բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպես վեհանձն ասպետի, ով անտարբեր չէ հասարակության կյանքի նկատմամբ: Հետագայում Ասանժի իշխանությունն այնքան կպտտեցնի նրա գլուխը, որ նա կդառնա գրեթե պարանոիկ` համակված «տեղեկատվական պատերազմում» հաղթանակի գաղափարով: Ջուլիան Ասանժի դերն անցած աշնանը ստացել է Բենեդիկտ Կամբերբետչը, նրա համախոհ Դանիել Դոմշայթ-Բերգի դերում հանդես կգա Դանիել Բրյուլը: