Orange-ը 2013թ. ընթացքում կընդլայնի իր ցանցի ծածկույթը` ընդգրկելով Սյունիքի մարզի Դիցմայրի, Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը: Նշված բոլոր գյուղերում կներդրվի կապի ժամանակակից տեխնոլոգիա, որն ունի մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորություն:Այս մասին հայտնում են ընկերության գրասենյակից:
«Երբ մենք մեկնարկեցինք մեր գործունեությունը Հայաստանում 2009թ. նոյեմբերի 5-ին, մենք ապահովում էինք բնակչության 83%-ի ծածկույթ, մինչև 7.2Մբ/վ թողունակությամբ ցանցով: Այնինչ այսօր մենք արդեն առաջարկում ենք ծառայություններ Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում և Վանաձորում մենք կառուցել ենք մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: Ի լրումն նշված բնակավայրերի՝ Orange-ը կշարունակի ընդլայնել իր ծածկութը՝ մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին: Թեև Orange-ը գերազանցել է գործունեության լիցենզիայով սահմանված պարտավորությունները, ես շատ երջանիկ եմ, որ մենք կկարողանանք լուծում առաջարկել այն գյուղերին, որոնք մինչ օրս ոչ մի օպերատորի կողմից ծառայություններ չեն ստանում»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: