24 հունվարի 2013 - 19:38 AMT
ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա

Հունվարի 21-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը այցելեց Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ուր հանդես եկավ ակադեմիայի ունկնդիր բարձրաստիճան սպաների համար նախատեսված «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անվտանգության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, հայ-հունական հարաբերությունների արդի փուլը, երկու երկրների ռազմական համագործակցությունը, պատասխանեց ներկաների հարցերին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ ակադեմիայի պետ գեներալ-մայոր Գեորգիոս Սպիրոպուլոսը, որը նաև նշեց, որ անձամբ է ներգրավված եղել հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում և այցելել է Հայաստան:

Դեսպան Գ. Ղալաչյանը գեներալ-մայոր Սպիրոպուլոսի ուղեկցությամբ շրջայց կատարեց ակադեմիայում: