25 հունվարի 2013 - 17:22 AMT
Հունական ոստիկանությունը գրոհել է Աթենքի մետրոպոլիտենի դեպոն

Հունական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հունվարի 25-ի առավոտյան գրոհել է Աթենքի մետրոպոլիտենի դեպոն, որի աշխատակիցները նստացույց են հայտարարել՝ պահանջելով կառավարությունից չնվազեցնել նրանց աշխատավարձը, հայտնում է «Ռոյթերսը»:

Ոստիկանները ներխուժել են դեպոյի տարածք, որտեղ 10 մարդ է ձերբակալվել իշխանությունների օրինական պահանջներին դիմադրելու համար: Սկսված ծեծկռտուքի պատճառով տուժել է նաև մետրոյի աշխատակցուհիներից մեկը, նրան հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է Լենտա.ռու-ն:

Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, անկախ իրենց աշխատատեղերը չլքելու կառավարության կարգադրությունից: