25 հունվարի 2013 - 17:23 AMT
Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է: Նա խոստովանել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպմանը:

«Շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը կարգավորվել են, և ես այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Երկար եմ սպասել այս օրվան, և հիմա իմ երազանքն իրականացել է: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետևել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը:

Խաչատուրովը հնարավորություն ունի հավաքականում նորամուտը նշել փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական խաղում: