25 հունվարի 2013 - 17:45 AMT
ԵԽ մշտական հանձնաժողովների կազմում կընդգրկվի ԼՂՀ մեկական ներկայացուցիչ

ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման՝ հունվարի 25-ին հրավիրված երկրորդ նիստում քննարկվել է ԵԽ անդամ Սևակ Խաչատրյանի հեղինակած «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դրանով առաջարկվում է ամրագրել, որ ԵԽ-ում գործող մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվում են երեք ամսով: Նաև սահմանվում է, որ նույն անձը հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է վերընտրվել միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի բոլոր անդամները ստանձնած կլինեն հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Սահմանվում է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության, նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ կարգը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է հանձնաժողովների կազմում ընդգրկել ԼՂՀ-ի մեկական ներկայացուցիչ: Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվել է:

Երիտասարդական խորհրդարանի որոշման համաձայն՝ մեկուկես ժամ հատկացվել է հայտարարություններին: ԵԽ անդամ Հարություն Ազգալդյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Երիտասարդական խորհրդարանը կունենա իր կայքը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: