25 հունվարի 2013 - 17:56 AMT
Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները տարրական աշխատանքային պայմաններ չունեն

Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել է «էրեբունի» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, «էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում հիմնարկի աշխատակիցների խնդիրներն են:

Այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաև ճաշարանով և սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում: