26 հունվարի 2013 - 14:44 AMT
Գագիկ Մինասյան. Նոր ճգնաժամի դեպքում Հայաստանն այն ավելի լավ կհաղթահարի, քան 2008-ին

Վերջին տարիներին ավելացել է մշակելի հողատարածքների քանակը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա ընդգծել է, որ էական փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում` անցում է կատարվել վարկային սուբսիդավորմանը, շուկայականից ավելի ցածր գնով դիզվառեիք է տրամադրվել: Ըստ նրա, նախորդ տարիների դրական փորձը շարունակվելու է, և 2013-ին ևս վառելիքի ու պարարտանյութի սուբիդավորում է լինելու:

«Պետությունը ընտրել է 11 ոլորտներ, որտեղ կան արտահանման բարձր ցուցանիշներ, նրանց ներկայացուիչների հետ կնքվել են համաձայնագրեր, և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը արդյունք են տալիս: Թեթև արդյունաբերությունը, գինեգործությունը հնարավորություն կտան նոր աշխատատեղերի բացել, և տնտեսական աճը յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի վրա ազդեցություն կունենա»,- ասել է նա:

Մինասյանն ավելացրել է, որ կառավարության արտաքին պարտքը կազմում է 37 %, ինչը մոտ 3,8 մլրդ դրամ է: Նա գտնում է, որ ճգնաժամից հետո դեռ չի հաջողվում նախաճգնաժամային մակարդակի ներդրումներ կատարել. «Եթե նոր ճգնաժամ լինի, Հայաստանի տնտեսական վիճակն ավելի լավ կլինի և այն ավելի հեշտորեն կհաղթահարի: Հիմա մենք պատրաստ ենք դիմակայել նոր ցնցումների, քան 2008-ին»: