26 հունվարի 2013 - 15:36 AMT
Ռիմա Վարժապետյան. Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը շատ պասիվ են

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը շատ պասիվ են. «Ինչով է զբաղված Սփյուռքը, շատ պասիվ են հայերը այս հարցում, հաշվի առնելով, որ 100-ամյա տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Միայն ակտիվությունը կօգնի արդյունքի հասնել: Սփյուռքի նախարարությունը տուրիստական գործունեությամբ չպիտի զբաղվի, այլ պետք է միջոցառումներ, ցույցեր կազմակերպվեն»,-ասաց նա:

Ասուլսի մյուս բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն ասաց, որ Սփյուռքում Ցեզասպանությունն ուսումնասիրող լուրջ մասնագետներ կան, պարզապես նրանց կարելի է մատների վրա հաշվել. «Բացի այդ պետք է հաշվի առնել, որ մեր պատմաբանները հնարավորություն չունեն ուսումնասիրելու թուրքական արխիվները, ի տարբերություն հրեաների, ովքեր հնարավորություն ունեցել են ուսումնասիրել գերմանական արխիվները: Մենք նոր ռեսուրսների և ուսումնասիրությունների կարիք ունենք»,-ասաց նա:

Լրագրողները Ռիմա Վարժապետյանին հարցրեցին Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ նրա կարծիքը. «Հրեաները ճանաչում են Հայերի ցեղասպանությունը, ընդունում են, այստեղ այլ խնդիր է պետական քաղաքականությունը: Առաջինն այն վտանգն է, որ հրեաներին սպառնում է Թուրքիայից, երկրորդը տնտեսական հարցերն են: Ճիշտ չէ, դատել այդպես: Այստեղ ռազմական և տնտեսական հարցեր կան»:

Ռիմա Վարժապետյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հրեական համայնքը մեծ աշխատանք է կատարում և տարակուսեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովում համայնքների ներկայացուցիչներ չեն ընդգրկվել: