27 հունվարի 2013 - 21:17 AMT
Արաբկիրցիները Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորել են «Րաֆֆի՛» ու «Հայաստա՛ն» կոչերով

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսելուց առաջ այցելել է Կենտրոնի և Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին:

Այնուհետև նախագահի թեկնածուն քարոզարշավը սկսել է Արաբկիրի այգում ընտրողների հետ հանդիպումից:Րաֆֆի Հովհաննիսյանինհավաքվածները դիմավորել են«Րաֆֆի՛» ու «Հայաստա՛ն» կոչերով, հայտնում ենՐաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից: Դիմելով հավաքվածներին, նա նախ քննադատության է ենթարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ասել.

«Արաբկիրում «Ժառանգությունը» մշտապես հաղթել է՝ հավաքելով ամենաշատ ձայները: Այսօր արաբկիրցիների, ամբողջ ժողովրդի հետ միասին մենք պետք է անենք շատ ավելին, քան արել ենք, պետք է արմատապես փոխենք մեր երկիրը, այս անընդունելի և կործանարար իրավիճակը: Եվ դա հնարավոր է, եթե քաղաքացիները թոթափեն ճակատագրապաշտությունն ու հուսալքությունը և գնան ընտրատեղամաս՝ կատարելով իրենց վճռական ընտրությունը»:

Հովհաննիսյանը քայլել է Կոմիտասի պողոտայով, մտել շուկաներ, խանութներ, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց առաջարկներն ու բարեմաղթանքները: Նրան ուղեկցում էին երիտասարդ կամավորականներ, ովքեր տարածում էին նախագահի թեկնածուի քարոզչանյութերը: