Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդիպում է եղել այլ երկրներում բարձրաստիճան կոչումներ ունեցող և պաշտոններ զբաղեցնող ազգությամբ հայ զինվորականների հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքահայ զինվորականները հայկական զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այցելել են Հայաստան` ոչ միայն մասնակցելու տոնակատարություններին, այլև իրենց փորձն ու գիտելիքները հայկական բանակին հաղորդելու պատրաստակամությամբ: «Մեր ազգի պանծանքն ու պատիվն են նրանք, քանի որ կարողացել են օտար ափերում բարձր կոչումներ ստանալ, իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները օտար երկրներում ներկայացնում են նաև իրենց արմատները, հայ ազգը, ժողովուրդը»,- ասել է նախարարը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստան այցելության ընթացքում զինվորականները հնարավորություն են ունեցել այցելել հայկական զորամասեր, ծանոթանալ հայ զինվորի առօրյային, հենց պետական սահմանի վրա տեսնել, թե որքան մարտունակ և պատրաստված է հայկական բանակը:
Նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները մտքեր են փոխանակել հայկական բանակի, իրենց երկրներում հայկական գործոնի, Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին: ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանել Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ, պետական նախարար Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը: