31 հունվարի 2013 - 15:21 AMT
Ֆրանսուա Օլանդը չի՞ ժամանի Հայաստան ապրիլի 24-ին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի օրակարգը չի ներառում ուղևորություն Հայաստան ապրիլի 24-ին, ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին: «Որքան գիտեմ, նման ծրագրեր նա չունի: Ինձ համար դա անակնկալ էր», - ասել է դիվանագետը, հայտնում է Hürriyet Daily News-ը:

Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել էր, որ ըստ Ելիսեյան պալատի աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել:

Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի «մեսիջ» պետք է դառնար` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Բացի այդ, նշվում էր նաև, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը “տեխնիկական բարդությունների” պատճառով:

2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ էր քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի: