1 փետրվարի 2013 - 18:14 AMT
ՀԴԿ. Հայրիկյանի դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի միջազգային հեղինակության խարխլմանը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: «Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը:

Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը:

Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում գտնոմ ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով:

Դատապարտելով կատարվածը` համոզմունք ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար»,-ասվում է ՀԴԿ Հանրապետական խորհրդի հայտարարության մեջ: