1 փետրվարի 2013 - 18:29 AMT
Է. Շարմազանով. Հայրիկյանի դեմ մահափորձը առաջին հերթին սադրանք է մեր պետականության դեմ

«Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանատու են տվյալ երկրի իշխանությունները:

Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,- մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե վարչապետը պետք է հիմք ներկայացնի, թե ինչու է կարծում, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը հարված է նաև իշխանությանը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ասվում է ՀՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ոչ միայն մահափորձ էր նրա դեմ, այլ առաջին հերթին սադրանք է մեր պետության և պետականության դեմ:

«Ուստի որպես քաղաքական և ընտրական գործընթացների հիմնական պատասխանատու` առաջին հարվածը ընկնում է հենց իշխանությունների վրա, և հենց այդ պատճառով է, որ այս մահափորձի պատվիրատուների թիրախում ոչ միայն պետության վարկանիշն է և պետականության ապակայունացումը, այլև հենց Հայաստանի իշխանություններն են:

Կարծում եմ՝ պարոն Հովհաննիսյանը կբավարարվի իմ շատ պարզ բացատրություններով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: