1 փետրվարի 2013 - 18:31 AMT
Հայկ Քոթանջյան. Ասոցիացիան մահափորձի հետ կապված միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում արձագանքել միջադեպին` կապված ՀՀ նախագահի թեկնածու, հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ և իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի վրա 2013 թ. հունվարի 31-ին կատարված զինված հարձակման հետ:

Ասոցիացիան, տվյալ գործողության իրավական գնահատումը և պատճառների ու կատարողների պարզումը թողնելով իրավասու մարմիններին, նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած այս միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն և հանրապետության բոլոր ողջամիտ քաղաքական ուժերին կոչ է անում համախմբելու ջանքերը ներքաղաքական կայունության և օրինապատշաճ, արդար և ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար:

Ասոցիացիան նաև մաղթում է պարոն Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում և անհապաղ վերադարձ նախագահական ընտրարշավ: