1 փետրվարի 2013 - 18:37 AMT
Ճապոնական կողմին ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

Փետրվարի 1-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարանին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական երկխոսության տեմպերի պահպանումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Ճապոնական կողմին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերն ընդգծեցին մշակութային և կրթական փոխանակումների կարևորությունը:

Այնուհետև, ճապոնական պատվիրակության ղեկավար Տակեշի Հիկիհարանին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: