1 փետրվարի 2013 - 20:50 AMT
Ինսուլինն այսօրվանից բաշխվում է. նաև շաբաթ և կիրակի օրերին

Պետության ձեռք բերած 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել և 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:

Անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարությունը միաժամանակ Երևանի և մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին հորդորում է` ինսուլինի բաշխումը կազմակերպել հնարավորինս արագ և սահուն։

Հայցելով շահառուների ներողամտությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ։