2 փետրվարի 2013 - 10:22 AMT
Կհետաձգվե՞ն ընտրությունները, թե` ոչ. ամենաուշը երկուշաբթի հայտնի կլինի

ՀՀ նախընտրական քարոզարշավը և ընտրությունները հետաձգելու կամ շարունակելու մասին թեկնածու Պարույր Հայրկյանի պաշտոնական որոշումը ամենաուշը երկուշաբթի հայտնի կլինի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում թեկնածուի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանը հայտնեց, որ այդ որոշումը կարող է լինել նաև այսօր:

Ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, ապա նշել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: