Ցանկացած երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ողջունելի է, առավել ևս՝ Ռուսաստանի, քանի որ այս տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտում է: Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնմանը:
«Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համագործակությանը, չեն ուզում որ Հայաստանը երկրից պետություն դառնա: Ռուսաստանի հետ համագործակցությունը ֆիզիկատեխնիկական և ինժեներական գործի լայն հեռանկար է բացում: Հայաստանի իշխանությունը պիտի որ օգտվի սրանից:Չմոռանանք, որ Արևմուտքը մեզ համագործակցություն է առաջարկում թուրքական խողովակով, ինչը մեզ ձեռնտու չէ», - ասաց քաղաքագետը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն ասաց, որ ռազմական համագործակցությունը այս պահին խորացնելու Ռուսաստանի առաջարկը խոսում է այն մասին, որ ռուսները գիտակցում են, որ տարածաշրջանում միակ հուսալի գործընկերը Հայաստանն է:
«Իսկ Ադրբեջանին հուսալի գործընկեր չհամարելու համար, բավարար է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված պատմությունը», - ավելացրեց պատմաբանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հորդորեց հիշել միայն, որ ցանկացած պարագայում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: