4 փետրվարի 2013 - 13:04 AMT
Փորձագետ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը և հայերի սպանություններն ահաբեկչություն են

Սկզբում կարծում էին, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը Սիրիայի կազմակերպածն է, բայց հետո պարզ դարձավ, որ թուրքական ձախակողմյան հակաիշխանական ուժերի ձեռքի գործն է, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ի դեմ գործողություններ չէին իրականացնել: 3 օր առաջ տեղի ունեցած դեպքին միջազգային հանրության արձագանքն այսօր ասուլիսի ժամանակ վերլուծել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Հակաիշխանական այս ուժերը երկար ժամանակ աչքի են ընկել Թուրքիայի անվտանգության ուժերի դեմ ակտիվ հարձակումներով»,- մանրամասնել է նա` նշելով նաև, որ Թուրքիայի ձախակողմյան ուժերի ղեկավարները գտնվում են Եվրոպայում, զբաղվում են հիմնականում թմրաբիզնեսով և մաքսանենգությամբ:

Միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը, շարունակելով թեման, նշել է, որ ձախակողմյան ուժերի նպատակը Թուրքիայում սոցիալիզմի հաստատումն է, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նա անդրադարձել է նաև հայերի սպանություններին, նշել ազգայնականության մասին: Մենուա Սողոմոնյանը համեմատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ տեղի ունեցած պայթյունը և հայերի սպանությունը և նշել, որ երկու գործողություններն էլ պետք է որակել ահաբեկչություն, բայց քաղաքական ահաբեկչությունը դատապարտվում է, իսկ հայերի սպանությունը` ոչ:

«Անգամ թուրքական իշխանությունները պետական մակարդակով չանդրադարձան հայերի սպանություններին: Փաստերն ամեն կերպ կոծկում են, ավելին` այս ամենը կարելի է թողտվության քաղաքականություն համարել»,- ասել է Մենուա Սողոմոնյանը: