4 փետրվարի 2013 - 14:17 AMT
2013թ. մայրաքաղաքում կիրականացվեն 2,5 մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ

2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները:

«Ծավալները մեծ են և ծրագրում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Արդեն իսկ հստակ է նաև հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի այդ ցանկը տրամադրեք նաև «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա:»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը պատասխանատուներին հանձնարարվել է նաև փողոցներում և բակային տարածքներում իրականացնել փոսալցման աշխատանքեր, PanARMENIAN.Net-ին են հայտնել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում: