4 փետրվարի 2013 - 14:44 AMT
Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը

Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը: Դրանք կտեղադրվեն մինչև 2013 թ-ի հունիս ամիսը և միայն մարդաշատ կանգառներում:

Առայժմ Երևանում չվացուցակներ տեղադրված են միայն Մաշտոց- Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն ասաց, որ բացվելու է կայք՝ երթուղիների տեղեկատվությունը իրական ժամանակում ներկայացնելու համար: «Առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց թե երբ կբացվի կայքը, դեռ պարզ չէ»,-ասաց նա:

Բացի այդ, երթուղին սպասարկող ընկերություններին տրամադրվելու է տեղեկատվական վերլուծական համակարգ՝ երթուղիների կատարումը վերահսկելու նպատակով:

Նշենք, որ էլեկտրոնային չվացուցակների միջոցով ուղևորները հնարավորություն կունենան տեղեկանալու ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, չվացուցակում առկա քարտեզի միջոցով կտեղեկանան երթուղու ուղեգծի վերաբերյալ, ինչպես նաև կտեսնեն ավտոբուսի դիրքը այդ պահին:

Իսկ քարտեզը կօգնի մայրաքաղաքի հյուրերին ծանոթանալ կանգառի հարակից տարածքում գտնվող օբյեկտների ` հյուրանոց, թատրոն, բանկ, դեղատուն և այլնի մասին: