4 փետրվարի 2013 - 16:32 AMT
ԱԳՆ. Փարիզյան վերջին հանդիպմանը որևէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որևէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի, մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի պնդումը, որ հայկական կողմը Փարիզում, անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ, իբրև մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ:

Բալայանը նշել է, որ այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից համաձայնեցված հնգակողմ մամլո հաղորդագրությունը մինչ այսօր ադրբեջանական կողմը չի տեղադրել ԱԳՆ կայքում: «Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը փորձում է այդ հանդիպման մասին մատուցել իրենց շինծու մեկնաբանությունը։ Նույնը պատահել էր նախորդ փարիզյան հանդիպման համաձայնեցված հաղորդագրության հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմին այդքան բնորոշ սեփական հանրության աչքերին թոզ փչելը»,-ասել է ԱԳՆ մամլո խոսնակը:

Մեկ բան Ադրբեջանի փոխարտգործնախարարը ճիշտ է ասում. Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի մոտեցումները չէին տարբերվում նախկինում արտահայտած մոտեցումներից։ Դա բնական է, Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է համահունչ եռանախագահների կողմից արտահայտված միջազգային հանրության մոտեցումներին։

Իսկ ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է մերժել կամ փոձում է ռեվիզիայի ենթարկել եռանախագահների ներկայացրած բոլոր առաջարկները, ինչը կրկնվեց նաև Փարիզում կայացած վերջին հանդիպման ընթացքում, ասել է ԱԳՆ մամլո խոսնակը: