9 օգոստոսի 2005 - 08:36 AMT
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏ ՄԱՆՈՒԿ ԲԵՅ ՄԻՐԶԱՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Նախօրեին Բուխարեստի քաղաքային թանգարանում բացվել է 18-19-րդ դարերի ռումինահայ հայտնի վաճառական, դիվանագետ, քաղաքական գործիչ Մանուկ բեյ Միրզայանին նվիրված ցուցահանդեսը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մանուկ բեյը Ռումինիայի պատմության մեջ հայտնի անձնավորություն է, որի գործունեությունն առանձնապես ցայտուն է դրսեւորվել 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Նա ազնվական տիտղոսների, պետական պաշտոնների եւ պարգեւների է արժանացել Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների կողմից: Օգտագործելով իր կապերն ու ազդեցությունը թե մեկ, թե մյուս կողմի վրա` ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում Մանուկ բեյը կարեւոր միջնորդի դեր է կատարել եւ հենց Բուխարեստի իր իջեւանատանն էլ 1812թ. ստորագրվել է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Բուխարեստի քաղաքային թանգարանի տնօրեն Իոնել Իոնիտան, Ռումինիայում ՀՀ դեսպան Ե. Սարգսյանը, Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ ուրիշներ: Ցուցահանդեսում, որը գործելու է մոտ մեկ տարի, ներկայացված են Մանուկ բեյ Միրզայանի անձնական փաստաթղթերը, գրագրությունը, օգտագործման իրեր, ժամանակաշրջանի հագուստ, սպասք, զենք, նկարներ եւ այլն: Թանգարանը նաեւ հրատարակել է Մանուկ բեյ Միրզայանի գործունեությունը լուսաբանող պատկերազարդ գիրք: