9 օգոստոսի 2005 - 10:02 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հորդ անձրեւների պատճառով հետզհետե ոչնչանում են Թուրքիայում պահպանված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բիբլիական մանրանկարները: Դարավոր անտարբերությունից եւ տասնամյակներ տեւող քաղաքական վեճերից հետո` Թուրքիան որոշել է տեղի տալ ԵՄ կոչերին` ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու ուղղությամբ եւ ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայի կառավարությունը 2 միլիոն լիրա (շուրջ 1,5 միլիոն դոլար) է հատկացրել Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար: Այս քայլը թուրք-հայկական հարաբերությունների ջերմացման զգուշավոր հույս է ներշնչում: Հունիսի վերջին Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդիպել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր վերականգման աշխատանքների նախագիծը եւ աշխատանքներին հայ ճարտարապետների մասնակցության հարցը: «Սուրբ Խաչ եկեղեցին կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար», - ասել էր թուրքական ընկերության ղեկավար Զեյդանլին` փոխանցելով նաեւ, որ Մեսրոպ պատրիարքը խորհուրդ է տվել դիմել հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: