4 փետրվարի 2013 - 21:32 AMT
ԼՂՀ Քարին տակ գյուղի դպրոցի պատերի կեսը հողի տակ է, իսկ հատակը խոնավությունից փտում է

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի դպրոցի ներկայիս մեկհարկանի շենքում հազիվ է տեղավորում 14 դասարանը: Դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի հաստմամբ, ստիպված են եղել շենքի ծայրամասային փոքրիկ սենյակները և լաբորատորիաները դասարաններ դարձնել:

Տնօրենի կարծիքով՝ 106 աաշակերտ ունեցող դպրոցում հնարավոր չէ համապատասխան կրթությունն ու դաստիարակությունը նման շենքային պայմաններում կազմակերպել:

Վերջին տարիներին դպրոցը մի քանի անգամ կապիտալ և ընթացիկ վերանորգման է ենթարկվել, ինչն, Ա.Հովհաննիսյանի խոսքով, ապարդյուն է:

«Դա միևնույնն է, ինչ փորձես տարեց կնոջը կոսմետիկայի միջոցով դարձնել 25 -ամյա օրիորդ: Հաջողության դեպքում էլ, առաջին իսկ անձրևից հետո, կոսմետիկան կմաքրվի և օրիորդից ոչինչ չի մնա: Մեր դպրոցի շենքը այդ պառավի կարգավիճակում է հիմա»,-Karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրենը:

Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր մակարդակի իշխանավորների հետ քննարկվել է հերոսական անցյալ ունեցող Քարին տակի դպրոցի շենքի հարցը, սակայն մինչ օրս, ինչպես վստահեցնում է տնօրենը, այդ քննարկումներն այդպես էլ գործի չեն վերածվել: Դպրոցի շենքը ֆիզիկապես և բարոյապես վաղուց է մաշվել:

«Շենքն այնպես է կառուցված, որ արևի լույսից ու ջերմությունից զուրկ է: Միայն շենքի մի թևն է կարճ ժամանակով «արևի երես տեսնում», մնացած թևերում արևի շողերն ընկնում են երեկոյան ժամերին, երբ արդեն դասերն ավարտված են լինում: Բացի դրանից, դասարանների պատերի կեսը հողի տակ են և խոնավությունից հատակը փտում է»,-ասել է տնօրենը:

Նա տարակուսել է՝ մի՞թե հնարավոր չէր այսքան վերանորոգումների գումարը ի մի բերել և նոր շենք կառուցել: Նա համոզված է, որ դա այնքան էլ մեծ ծախսերի հետ կապված չի, քանի որ շինանյութի մի մասը ներկայիս շենքից կվերցնեն, իսկ հարթեցված տարածքն էլ արդեն կա: