4 փետրվարի 2013 - 21:25 AMT
Սերժ Սարգսյան. Հարյուր քայլ չէ, այլ հարյուր անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը

Այսօր Արարատի մարզի ընտրողների հետ Սերժ Սարգսյանը խոսել է անցած հինգ տարիներին մի շարք ոլորտներում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման ու մատչելիության, գյուղատնտեսության, երկրի համաչափ զարգացման ուղղությամբ սկիզբ առած և առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերի մասին, անդրադարձել նաև կենսաթոշակների հարցի լուծման նպատակով նոր մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

Սերժ սարգսյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտին .«Մենք շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացումը: Այդ ձևով մենք թոթափում ենք երևանյան հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ, բուժումն ավելի մատչելի է դառնում մարզերի բնակիչների համար՝ ոչ միայն նվազեցնելով նրանց պրոբլեմները կապված ճանապարհի հետ, այլ հնարավորություն տալով, որպեսզի և՛ Երևանը բեռնաթափվի այդպիսով, և՛ երկրորդ՝ ավելի արդյունավետ դառնա բժշկական միջամտությունը: Վստահ եմ, որ այդ ձևով մենք փրկում ենք շատ կյանքեր, հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մարդիկ օգտվեն առաջնային բժշկական օգնությունից»,-ասել է նա:

Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովրդավարական գործընթացներն անշրջելի և շարունակական դարձնելու հրամայականի մասին, շեշտելով, որ իր գլխավորած քաղաքական թիմը չի խորշում քաղաքական այլակարծությունից, գաղափարական և գաղափարախոսական առողջ մրցակցությունից: Ավելին՝ խորապես շահագրգռված է դրանում: «Այս ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն ինձ քննադատում են, շատ են քննադատում: Բայց ես վստահ եմ, որ բոլորիս համար ամենասկզբունքային հարցերում մենք դաշնակից ենք: Քննադատում են, լա՛վ են անում, թո՛ղ քննադատեն, իհարկե պիտի քննադատեն, որովհետև նրանք դրանից, կարծես թե, հաճույք են ստանում:

Բայց ես վստահ եմ, որհնարավոր է, հաստատ հնարավոր է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները:

Ես վստահ եմ, որ հարյուր քայլ չէ, այլ հարյուր անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը և իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի վստահությունը մեծ պատասխանատվություն է, դրա համար էլ կոչ է անում կրկին վստահել իրեն՝ շարունակելու իր քաղաքական ուղեգիծն ու ստանձնելու նոր՝ ավելի մեծ պատասխանատվություն:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Մասիսի քաղաքապետարանում ներկա է գտնվել նաև համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի ընթացքին: Այս մասին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից: