5 փետրվարի 2013 - 16:31 AMT
Պարույր Հայրիկյանի քարոզարշավը կվերսկսվի վաղվանից

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քարոզարշավը կշարունակվի առանց թեկնածուի: Նա հիվանդանոցում է, իսկ քարոզարշավը ղեկավարում է թեկնածուի շտաբի պետ Մանյա Այվազյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ վաղը օրվա երկրորդ կեսին կվերսկսվեն ընտրողների հետ հանդիպումները, սակայն թե որտեղ կլինեն, դեռ պարզ չէ: Քարոզարշավին կմասնակցեն Հայրիկյանի գործընկերներ Սիլվա Հովսեփյանը, Արսեն Պողոսյանը, Արթուր Ավանեսյանը և այլն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ինքն արդեն «գործի մեջ է: Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը չի կարող շեղել բնականոն ուղուց»:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա հինգ օր առաջ մահափորձ էր իրականացվել: Հրազենային հարձակման արդյունքում վիրավորվել էր նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո թեկնածուն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով, սակայն հրաժարվեց այդ հնարավորությունից: