Այսօր Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նպատակն է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների ապահովումը բոլոր ոլորտներում, կանանց ու տղամարդկանց պաշտպանությունը (ինչն ինքնին արդեն բավականին զավեշտալի է) գենդերային խտրականությունից:
Օրենքի ընդունումը կոչված է հավասար պայմաններ ստեղծել տղամարդկանց ու կանանց համար քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին հավասար մասնակցություն ապահովելու համար:
Գեղեցիկ է հնչում: Իհարկե, հիմա, հատկապես մեծ քաղաքներում, ակնհայտ սեռական խտրականություն չկա: Ակնհայտ չկա: Բայց կա ուժեղ սեռի ներկայացուցիչների որոշակի հատված, որոնք մտածում են ըստ «Կինը մարդու բարեկամն է» կատեգորիայի: Եվ թող որ դա բացահայտորեն չի արտահայտվում, սակայն կնոջ ճանապարհին ժամանակ առ ժամանակ կողքից գրեթե աննկատ, բայց անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում՝ կինը պետք է տունը նստի, կրթություն չստանա, չաշխատի, կարիերայի մասին խոսք լինել չի կարող, ինչպես գերմանական հայտնի երեք «Կ» սկզբունքի դեպքում՝ կիրխե, կինդեր, կյուխե. եկեղեցի, երեխաներ, խոհանոց:
Դժվար է հավատալ, որ որևէ օրենք ընդունելով, կարելի է մարդուն ստիպել փոխել իր մտածելակերպը, հատկապես, եթե դա շահավետ է: Առավել ևս, որ նման մտածելակերպ են պարտադրում ցածրորակ հայկական սերիալները, որոնք հատկապես սիրված են այս օրինագծի նպատակային լսարանի շրջանում: Օրենքը օրենք, բայց պետք է սկսել մյուս կողմից՝ մարդկանց է պետք է դաստիարակել: --ԿԱ