5 փետրվարի 2013 - 18:42 AMT
ԼՂՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա»,- նշված է նամակում:

Իր նամակում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդին և երիտասարդ պետականությանը ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:

«Մենք ակնկալում ենք տևական, սերտ և արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ և հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի կողմից հղված ուղերձում, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: