6 փետրվարի 2013 - 20:51 AMT
Սերժ Սարգսյան. Անձնագրեր հավաքելը մեզ բնավ պետք չէ

Սերժ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները հանրապետության մարզերում: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի ընտրողների հետ: Ինչպես հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից, Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանն անդրադառնալով իր ելույթներում բարձրացվող և նաև ընտրողների կողմից առաջ քաշվող խնդիրներին՝ վստահեցրել է, որ դրանք բոլորը, նույնիսկ ամենաբարդ հիմնահարցերը լուծելի են: Դրա համար անցած տարիների ընթացքում ստեղծվել են բոլոր նախադրյալները:

«Վերջերս ես տարբեր տեղերից լսում եմ, որ ինչ-որ տեղեր իբրև թե անձնագրեր են հավաքում, ինչ-որ տեղերում իբր ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին: Ասում են նույնիսկ, որ որոշ դասախոսներ դասաժամերը վեր են ածում քարոզչության: Մեզ դա պետք չէ: Բնավ պետք չէ: Եթե նույնիսկ մեկ տոկոսը ճիշտ է, ապա մենք դա իզուր ենք անում: Իզուր ենք անում, որովհետև դա մեզ օգուտ չի տալու: Մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք, բացի մեր ժողովրդից, բայց մենք ապրում ենք միջազգային հանրության հետ միասին, տարբեր կազմակերպությունների անդամ ենք, մենք մեծ նշանակության հարցեր ենք քննարկում այդ կազմակերպություններում: Եթե ուզում ենք լինել միջազգային հանրության լիարժեք անդամ, ապա պետք է, իրոք, աշխատենք քաղաքակիրթ կանոններով»,-ասել է Սերժ Սարգսյանը: