7 փետրվարի 2013 - 11:11 AMT
Հովհաննիսյանն ու Բագրատյանը կմիավորվե՞ն. Րաֆֆի Հովհաննիսյանի ակնարկները

ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միավորումը, ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, շատ հավանական է: «Նրանք թշնամիներ չեն: Իշխանությունն իհարկե, կուզենա, որ չմիավորվեն, պարզ է, չէ՞: Բայց եթե միավորվում են` Հայաստանը ճգնաժամից դուրս են բերում կամ փորձում են, ի՞նչ վատ բան կա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Լևոն Շիրինյանը:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հանդիպել է Հրանտ Բագրատյանին: «Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»,- ասել էր նախագահի թեկնածուն:

Լևոն Շիրինյանն այս հնարավոր միավորումը հետաքրքիր է համարում երկու թեկնածուների աշխարհայացքների իմաստով: «Կա Րաֆֆու ընտանեկան դաստիարակությունը, որը շատ լավն է, մյուս կողմից Բագրատյանի ծայրահեղ լիբերալիզմը, եթե վերջինը վերացվի, դա կարող է լինել: Գաղափարական ընդհանուր պլատֆորմի վրա կարող են գնալ առաջ: Պահպանողականների կողքին կլինի նաև ազատական քաղաքականությունը. դա հետաքրքիր է»,- ասաց քաղաքագետը: