7 փետրվարի 2013 - 16:57 AMT
Հարցը փակված չէ. Հայաստանը բողոքարկելու է Ադրբեջանի որոշումը մարդասպան Սաֆարովի գործով

Հայաստանի կառավարությունը մտադիր է միջազգային ատյաններում բողոքարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ներումն Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում:

Ինչպես նշել է նախարարը, նախարարությունն այժմ նախապատրաստական աշխատանք է տանում բոլոր ուղղություններով, որին մասնակցում են ոչ միայն նախարարության աշխատակիցներն, այլ նաև հրավիրված փորձագետներ:

Հրայր Թովմասյանը, ելնելով գործի շահերից, չի ներկայացրել մանրամասները: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: