5 սեպտեմբերի 2005 - 12:48 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն Երեւանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Իվ Առնոլդիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր գնահատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի գործունեությունը մարդասիրական ոլորտում: Վարդան Օսկանյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում գերիների փոխանակման եւ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Իվ Առնոլդին իր կողմից նշեց, որ գրասենյակի կողմից բարձրագույն եւ միջին ուսումնական հաստատությունների հետ միջազգային մարդասիրական օրենքի եւ սկզբունքների ուսուցման ուղղությամբ սկսված նոր ծրագրերը լինելու են շարունակական: Շնորհավորելով Իվ Առնոլդիին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, նախարարը հաջողություն մաղթեց նրան այդ կարեւոր առաքելության մեջ: