Փետրվարի 8-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Թալին քաղաքի արդիականացված փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Վերաբացման արարողությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի փոխմարզպետ Արամ Արսենյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Թալին քաղաքի բնակիչներ:
Ինչպես իր ելույթում նշեց մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, «Այս ամենից 21-րդ դարի շունչ է զգացվում: Ուրախալի է, որ Թալինի բնակիչներն այստեղ մուտք գործելով` կստանան 21-րդ դարի ծառայություններ և սպասարկում»: Իր հերթին, Թալինի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» ղեկավարությանը` քաղաքում նման բարձրակարգ բաժանմունք բացելու կապակցությամբ:
Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային չափորոշիչերը, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով: «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր չափորոշիչներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունքներ կարդիականացվեն Երևանում, 52-ը`մարզերում:
«Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Թալինի բնակիչներին:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: