12 փետրվարի 2013 - 10:28 AMT
ԱՆ. Անդրիաս Ղուկասյանից վերցված մեզի և արյան մեջ շեղումներ են արձանագրվել

ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանից վերցված մեզի և արյան մեջ լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել են որոշակի շեղումներ:

PanARMENIAN.Net-ին Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկոյան նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, մտահոգված լինելով լաբորատոր հետազոտությունների արդյունքներով, պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ այցելել է Անդրիաս Ղուկասյանին և կրկին հորդորել համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։

ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։

«ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի: Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել»,- ասված է հաղորդագրության մեջ: