12 փետրվարի 2013 - 11:14 AMT
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Փետրվարի 11-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։ Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվեց մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձան հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորեցին վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։