13 փետրվարի 2013 - 18:42 AMT
Էդուարդ Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել

«Մեծահոգություն քարոզող, բարու և չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին:

Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են:

Նա մշտապես ժպտացող գործչի կերպարում շատ ավելի ընկալելի է: Այդ իմաստով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել, նրա թիմակիցները պետք է որ լավություն անեն իրենց առաջնորդին` խորհուրդ տան պատրանքների աշխարհից վերադառնալ իրականություն»,- մեկնաբանելով Ապարանի բժշկական կենտրոնում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունը, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ընթացքում Ապարանի բժշկական կենտրոնում տեսնելով նախագահի ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել էր այն:

«Ընդունելով, որ որևէ բուժհիմնարկում որևէ մեկն իրավունք չունի նախընտրական պաստառ փակցնել, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ՀՀ որևէ քաղաքացի, այդ թվում և նախագահի թեկնածուն, իրավունք չունի համապատասխան մարմինների ֆունկցիաներն իր վրա վերցնել և դատավորի կամ ուսուցչի կեցվածք ընդունել»',-ընդգծել է Շարմազանովը:

«Եթե որևէ մեկը տեսնում է, որ օրենքի խախտում կա, պետք է բարի լինի և դիմի համապատասխան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով այդ թերությունը կվերացնեն և մեղավորներին կպատժեն»,-շարունակել է Շարմազանովը և հիշեցրել հին հռոմեական ասացվածքը. «Երբ գործում է բռնությունը, օրենքները լռում են»:

«Թույլ չենք տա, որ բռնությունը գործի,-նշել է ՀՀԿ խոսնակը` եզրափակելով,-օրենքին հղում անող Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե չիմանա, որ աշխատանքային ժամերին իր մուտքը քաղաքապետարաններ և գյուղապետարաններ ևս «քաղաքական տարր է»: