14 փետրվարի 2013 - 14:45 AMT
Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում Տյառնընդառաջի նախօրեին կատարվեց նորապսակների օրհնություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Փետրվարի 13-ին, տոնի նախօրեին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ: Վիրահայոց Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, հավատացյալների ուղեկցությամբ , եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ուղղվեցին եկեղեցու բակը՝ վառելու ավանդական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, հայտնում է վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, Տյառնընդառաջի տոնը հայտարարվել է ընտանիքի օր և հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ տեղի ունեցավ նաև Վրաստանի 46 գործող եկեղեցիներում:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված նորապսակներին օրհնության խոսքով դիմեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով նորաստեղծ ընտանիքներին խաղաղություն և ջերմություն:

Դհոլ զուռնայի նվագակցությամբ, Սուրբ Էջմիածին եկեղեցու քավոր Էրիկ Սաֆարյանը վառեց տոնական խարույկը, որի շուրջը ծայր առավ ուրախ երգն ու պարը, վերածվելով ժողովրդական մեծ տոնի:

Այնուհետև նորապսակներին բաժանվեցին նվերներ և կատարվեց տոնական հյուրասիրություն: Տյառնընդառաջի տոնը Թբիլիսիի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին եկեղեցում ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

Տյառնընդառաջի տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ կատարվեցին նաև Բաթումիում, Նինոծմինդայում, Ախալցիխեում: Իսկ Ախալքալաքում՝ Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որից հետո վառվեց տոնական խարույկը և տեղի ունեցավ ժողովրդական ուրախ տոնահանդես: