14 փետրվարի 2013 - 19:09 AMT
Սերժ Սարգսյանն այսօր ավարտել է հանրապետության մարզերում քարոզարշավը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով ավարտել է հանրապետության մարզերում քարոզարշավը, որը մեկնարկել էր Սյունիքից և նախընտրական ժամանակահատվածում ընդգրկել բոլոր մարզերը՝ վաթսունից ավելի գյուղական ու քաղաքային համայնքներ:

Նա հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից, անգամ ուրիշների սպասածից ավելին է ստանձնել և իրականացրել նախատեսած ծրագրերը: ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այդ աշխատանքը մշտապես եղել է բոլորի աչքի առջև, ուստի ընտրողները կարող են շատ հանգիստ դատել և կայացնել իրենց որոշումը:

Սարգսյանն Ապարանում կոչ է արել ընտրողներին՝ միավորել ջանքերը և միասին երկրում ամրապնդել օրինականությունը, լուծումներ տալ պետության առաջընթացը խոչընդոտող խնդիրներին, շարունակել առողջապահության, կրթության և այլ բնագավառներում սկսված ծրագրերը, որոնք մարդկանց համար բարձրորակ և մատչելի ծառայություններ են երաշխավորում ամենուր՝ մայրաքաղաքից մինչև հանրապետության հեռավոր բնակավայրեր: