14 փետրվարի 2013 - 19:45 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանի կայքէջում նշված ընտրախախտումների վերաբերյալ հետաքննություն է ընթանում

Փետրվարի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքէջում զետեղված ընտրախախտումների վերաբերյալ ծանուցում: Սուսաննա Բարխուդարյանն այցելել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող «Վետերան» օթևան, որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգություն» կուսակցության քարոզչական նյութերը բաժանվեն ծերերին՝ պնդելով, որ իրենք կփոխանցեն:

Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել օթևանի ղեկավարներից, որոնք նշել են, որ փետրվարի սկզբներին իրենց մոտ է այցելել մի կին, ներկայացել Հովհաննիսյանի վստահված անձ, և քարոզչություն իրականացնելու նպատակով՝ ցանկացել է մուտք գործել օթևանի հատված, բայց քանի որ «Վետերան» օթևանի կանոնակարգի 3-րդ կետի 3.3 ենթակետի համաձայն անծանոթ անձանց մուտքը օթևանի տարածք արգելվում է, ուստի վերջինիս մուտք գործել օթևանի բնակելի հատված՝ արգելվել է, և միևնույն ժամանակ՝ առաջարկվել նախընտրական բուկլետները թողնել օթևանի խաղասենյակում, որտեղ էլ օթևանի բնակիչները կարող են ծանոթանալ այդ նյութերին, որը և կատարվել է:

Բացատրություն վերցնելու նպատակով Սուսաննա Բարխուդարյանին մի շարք անգամ զանգահարել են, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Հետաքննությունը շարունակվում է: