15 փետրվարի 2013 - 15:55 AMT
Մայքլ Քամբեք. Նախընտրական պայքարն ավելի մրցակցային է, քան ԱԺ ընտրությունների ժամանակ էր

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հետևել է ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավին բավականին լավ և խորը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ իրենք մի քանի անգամ հարցումներ են նախաձեռնել, և ըստ դրանց արդյունքների, մարդիկ շատ լուրջ են վերաբերում ընտրություններին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե մրցակցայի՞ն են ընտրությունները և ինչպիսի՞ պայքար է գնում, Մայքլ Քամբեքը պատասխանեց. «Քաղաքական դաշտը և պայքարը ավելի մրիցակցային են, քան մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սրանք ընտրություններ չեն կառավարության կողմից: Այս պահին կան թեկնածուներ, որոնք շատ ուժեղ են, այս առումով կրկին առաջընթաց է նկատվել»:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, ով Հայաստանի՝ նախագահի նախորդ բոլոր ընտրություններում դիտորդ է եղել, ևս կարծում է, որ այս ընտրությունները մրցակցային են: «Այս ամենը նկատում ենք նաև այն առումով, որ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ասել են, որ մասնակցելու են ընտրութուններին: Հաշվի առնելով իմ փորձը, կարծում եմ, որ այս ընտրությունների մթնոլորտը ավելի հանդուրժողական են»,- ասաց նա:

Անդրադառնալով հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քաղաքական պայքարի ձևին, բանախոսներից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը նկատեց, որ սա թեկնածուի ընտրած տարբերակն է, ասելու շատ բան չունեն: Եվրախորհրդարանի պատգամավոր կարծում է, որ պայքարի և քարոզարշավի ավելի լավ տարբերակներ կան:

Ինչ վերաբերում է Գյումրիում ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե այս ընտրություններում որքան տոկոս կամենա, այնքան կխփի, Ֆրանկ Էնգելը կարծում է, որ դա բնական արձագանք էր: «Աշխարհի բոլոր երկրներում այն նախագահները, որ դարձյալ առաջադրվում են, նրանք նմանատիպ հայտարարություններ են անում, նրանք վստահ են լինում, որ ընտրվելու են: Եթե անգամ գործող նախագահը նման հայտարարություն է անում, մենք ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա:

Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հոյան-Հանս Շմիդթն էլ իր հերթին նկատեց, որ այս ընտրություններում բոլոր թեկնածուներին հնարավորւթյուն է տրվել ներկայանալու: Մամուլի շատ ազատ է գործում և ժողովրդավարության աճ կա: