15 փետրվարի 2013 - 16:39 AMT
Պրիիտ Տուրկ. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում և այդ փոխգործակցության ակտիվացման համար կարևորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա և Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարևորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երևան: Գարնանը Հայաստան կայցելի նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են և պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արևելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում: Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման և խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները: Դեսպանն իր հերթին վերահաստատեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: