14 սեպտեմբերի 2005 - 12:49 AMT
ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՄԱԿ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ցանկացած հարցի բարձրացման դեպքում Հայաստանը դուրս կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից, եւ Բաքուն ստիպված կլինի բանակցությունները շարունակել ուղղակի Ստեփանակերտի հետ: Այս մասին, մեկնաբանելով այն փաստը, որ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` ՄԱԿ-ի ընթացակարգի համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ 59-րդ նստաշրջանի չքննարկված այլ հարցերի շարքում այս հարցը նույնպես ինքնաբերաբար կարող է փոխանցվել 60-րդ նստաշրջան: Սակայն Ադրբեջանը չի կարող որեւէ քայլ կատարել, պնդելով այդ կետի վրա, քանի որ դա կհակասի նախկինում կողմերի միջեւ այդ հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը, նշել է Հ.Գասպարյանը: