17 փետրվարի 2013 - 17:55 AMT
Մայքլ Քամբեք. Բաքվի ռազմավարությունը նման է Քադդաֆիի վերջին տարիների քաղաքականությանը

Հայաստանում և Ադրբեջանում համապետական ընտրությունների առաջ, ինչպես նաև տարածաշրջանում որևէ պաշտոնյայի ներկայաության ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու դիվերսիաները նոր չեն:

Երկու երկրներում նախագահական ընտրությունների հետո այդ հարցում որևէ փոփոխություն Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը չի ակնկալում, եթե, իհարկե, Բաքվում սպասվողը կարելի է ընտրություն համարել.

«Բաքուն ռազմավարական դիրքորոշում չունի: Իրենք այդ, այսպես ասած, դիրքորոշմամբ միայն ավելի են համախմբում հայերին` ոչինչ ավելի: Իհարկե, դա իրենց ռազմավարական հետաքրքրությունների մեջ չի մտնում, ինչպես չէր մտնում հայ սպային կացնահարած Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը: Նույնը Բաքվում Եվրատեսիլ կազմակերպելու միտքն էր, նույնն է նաև հիմա` լավագույն գրողի նկատմամբ նման քայլերը ևս նրանց շահերից չեն բխում»,- PanARMENIAN. Net- ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայքլ Քամբեքը:

Նա նկատեց, որ այս ամենը ամբողջ աշխարհը տեսնում է:

«Այս ռազմավարությունը, որ Բաքուն է որդեգրել համապատասխանում է Քադդաֆիի վերջին տարիների քաղաքականությանը: Դա ռազմավարություն չէ, դա ամպագոռգոռ հաղորդակցություն է»,- նկատեց Մ. Քամբեքը:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղարը կարծում է , որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը 1 մլն. դոլարանոց հարց է: