19 փետրվարի 2013 - 01:32 AMT
«Ժառանգության» անդամին կաշառք առաջարկելու հաղորդումով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2013թ. փետրվարի 16-ին հրապարակած խախտումների ամփոփագրում նշվել էր, որ Հրազդան քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի` «Ժառանգության» անդամին, ով չի ցանկացել ներկայանալ, փորձել են առաջարկել 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ՀՀ Նախագահի թեկանծու Ս. Սարգսյանի օգտին լցոնման գործընթացի վրա, ինչը, սակայն, նրա կողմից մերժվել է:

Հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ դատախազությունը համապատասխան ծառայություններին հանձնարարականներ է տվել` ահազանգը քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտել է Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամների ինքնությունը` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով պարզել քաղաքացու կողմից ընտրակաշառք առաջարկելու փաստի հավաստիությունը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: