19 փետրվարի 2013 - 17:19 AMT
Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո և Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային և շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ: Երեկոյի ընթացքում կայացավ «Արցախ. հայ արվեստների և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Մասնավորապես ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը և Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եվ մշակույթի մասին: Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: