19 փետրվարի 2013 - 20:12 AMT
Արցախում կառուցվող ռազմական ուսումնարանը համապատասխանելու է միջազգային նորմերին

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադևոսյանը «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմում, ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: «Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ մեր նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համայն հայության պարտքն է, ուստի անչափ կարևոր է Սփյուռքի մասնակցությունն այդ սուրբ գործին:

Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց: