20 փետրվարի 2013 - 17:33 AMT
Ազատ դեմոկրատներ. 25 տարի առաջ հայ ժողովրդի ազատատենչ ոգին զարթոնք ապրեց

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: 25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, և հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաև հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին անկոտրում է և ամուր կանգնած իր հողի վրա՝ պայքարելով Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության հաստատման և մրցունակ պետություն ունենալու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս պատմական օրվա կապակցությամբ՝ մեր երախտիքն ենք հայտնում այն մարդկանց, որոնց պայքարի և արյան գնով այսօր մենք ունենք անկախ պետություն: Վստահ ենք, որ ՀՀ անկոտրում և արժանապատիվ քաղաքացին ի զորու է հաղթահարել մեր պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերները, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը: