21 փետրվարի 2013 - 13:27 AMT
Արմեն Աշոտյան. Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական մոդեռնը վերածվեց պարտված ընդդիմության ավանդական վարքի

Ըստ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի անձնական կարծիքի, հետընտրական ընթացքը պետք է անցներ այն նույն արևմտյան ոճով, որով նախագահության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վարում էր ընտրարշավը: «Մոդեռն Ռաֆֆիի» վերափոխումը պարտված ընդդիմության ավանդական վարքագծի ակնհայտ է»,-լրագրողներին է հայտարարել նախարարը կառավարության նիստից հետո:

Արմեն Աշոտյանը գտնում է, որ վերջին 2 օրերին «Ժառանգության» հրավիրած հանրահավաքների նպատակն է այն 37 տոկոսի ընտրողների «սոսնձումը», որոնք իրենց ձայները նրա օգտին են տվել: «Այստեղ նաև ըմբոստ ընտրազանգվածն է, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի դեմ, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի սեփական քաղաքական կապիտալը»,-ասել է նախարարը:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ հետընտրական զարգացումների արդյունքում կարող է այնպես ստացվել, որ Րաֆֆին չի դառնա քվեների 37 տոկոսը հավաքած գործիչ, այլ կլինի քաղաքական գործիչ, որը կկառավարի այդ քվեները: